ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է»

«Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է»
24.04.2009 | 00:00

«ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻ ՁԵՌՔԻՆ Է ԶԵՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ ԶԵՆՔ»
Հայ դատ և Հայոց ցեղասպանություն։ Հայության հիշողությունը շամփրող եղերական անցքեր, որոնց շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու, ազատ լրագրող ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՆ ու լրագրող, ԼՂՀ կառավարության նախկին անդամ ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։
ԹՂԹ. -Պատմաբանների, վերլուծաբանների, մտավորականների, լրագրողների, պարզապես մտածող մարդկանց մեջ քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, թե 1915-ի ցեղասպանության մեջ մեղավորության մեր չափաբաժինն ունենք նաև հայերս։ Համամի՞տ եք նման տեսակետին։
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
-Նախ` պետք է հստակեցնել հասկացությունները. ի՞նչ ենք մենք հասկանում Հայկական հարց ասելով, կամ ո՞րն է հայոց հայրենիքը` սրանցից բխող բազմաթիվ ածանցյալ հարցերով։ Այս բոլորի շուրջ ստեղծվել է մի այնպիսի բաբելոն, որից սատանան էլ գլուխ չի հանի։ Իմ համոզմամբ` «Հայկական հարց» հասկացությունը սահմանափակվում է հետևյալ երեք սահմանումների եռամիասնությամբ, որոնք հնարավոր չէ միմյանցից տարանջատել։ Առաջինը` հայոց հայրենիքի, այսինքն Հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրում (մեկ թիզ հող անգամ եթե մնաց օտարի տիրապետության տակ, դա արդեն Հայկական հարցի լուծում չի կարող լինել)։ Երկրորդը` այդ տարածքի վրա բացառապես հայկական գերիշխանության հաստատում, այսինքն` ոչ մի ընդհանուր պետություն, այլ պետությունների ռազմական կամ այլ բազաների տեղակայմամբ, դաշնություն, համադաշնություն և այլն։ Երրորդը` ազգահավաքի հնարավորություն` այդ նոր տարածքի վրա։ Այս երեք կետերից որևէ մեկը եթե չի իրականացվում, Հայկական հարցը չի կարելի լուծված համարել։ Այս համատեքստում էլ պետք է նկատել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը Հայկական հարցի իմ սահմանման մեջ չի մտնում, և դա ունի իր պարզ բացատրությունը։ Թեև հայկական պատմագիտական մտքի մեջ առայսօր գոյություն ունեն տարակարծություններ Հայկական հարցի ծագման վերաբերյալ, բայց բոլորն էլ միակարծիք են, որ այդ հարցը միջազգայնացվեց առաջին անգամ 1878-ին Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Հարց է առաջանում` եթե սա փաստ է, ու նաև պատմական փաստ է այն, որ հայկական կոտորածները սկսվեցին 1878-ից հետո, 90-ականներին` համիդյան ջարդերի ժամանակ, որի երկրորդ փուլը Կիլիկիայի ջարդերն էին, ապա նշանակում է, որ Հայկական հարցը գոյություն է ունեցել մինչև հայոց կոտորածները։ Հետևաբար, Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է։ Այստեղից էլ բխում է Հայկական հարցի վերաբերյալ իմ մոտեցումը. այսօր 19 պետությունների խորհրդարաններ կամ բարձրագույն այլ մարմիններ իրենց որոշումներով, օրենքներով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ մի պետություն իր ընդունած որոշումներում չի նշել, որ դրա հատուցումը պետք է լինի հայերից խլված հողերի վերադարձը։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունն այդ մասին չի նշել, միայն Լիբանանի որոշման մեջ է փաստված, որ այդ հանրապետությունը զորակցում է հայ ազգի քաղաքացիների իրավունքներին, բայց կրկին հստակեցում չկա, թե ինչ իրավունքների մասին է խոսքը։ Այն բոլոր պետությունները, որոնք առաջին հերթին ճանաչում են հայոց հողային հատուցման իրավունքները և գործնականում արդեն իսկ աջակցում են այդ խնդրին, համարում եմ Հայաստանի դաշնակից պետություններ։ Իսկ այն կազմակերպությունները, նույնիսկ հայազգի, որոնք ճանաչում են ցեղասպանությունը, բայց մերժում են հողերի վերադարձման իրավունքը, համարում եմ ավելի վտանգավոր թշնամի, քան նրանց, ովքեր ընդհանրապես չեն ճանաչում ցեղասպանությունը։ Քանի որ վերջին հանգամանքը հանգեցնելու է ցեղասպանությունը չճանաչելու թմրեցուցիչների, իսկ թուրքերի համար դա կլինի պարզապես ֆինանսական որոշակի հատուցում, որի նախանշանները մենք արդեն տեսնում ենք` ապահովագրական ընկերությունների կողմից վճարումների ձևով։ Հնարավոր է նաև, որ հետագայում Հայաստանի մի քանի միլիարդի հասնող արտաքին պարտքի մի մասը «ներեն», կամ էլ հայերին տան մի խորհրդանշական հողային հատուցում` Մասիսը կամ Անիի ավերակները` դրա դիմաց վերցնելով ռազմավարական կարևորություն ներկայացնող Հայաստան-ԼՂՀ-Իրան սահմանը։
ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ -Պարոն Յազըճյանի ձևակերպումներին լիովին համամիտ լինելով` ուզում եմ շեշտել, թե մեր ազգային ողբերգությունում որն է մեր պատասխանատվությունը։ Մենք պարզապես չունեինք պետականություն` դրանից բխող բոլոր հետևանքներով, չկային ծրագիր, բանակային կառույց, համախմբում, երբ անգամ տարաբևեռ շահեր կարող էին հետամտել հայության «կովկասյան», «տաճկական» և մյուս հատվածները։ Նույնիսկ հիմա` մեր պետության անկախության «չափահասությանն» (18-ամյակին) ընդառաջ, ցավով պիտի արձանագրենք, որ հայոց պետականությունը դեռևս չի կայացել։ Հայտնի կեղծիքներով ընդունված Սահմանադրության գլխավոր դրույթները, օրինակ, թե «ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է», մնում են թղթի վրա։ Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքացիական դաշտում ոմանք իրենց օրենքից վեր են դասում, բոլորս էլ գիտենք այդ օլիգարխներին, արտոնյալներին, մենաշնորհատերերին։ Ժողովրդի զգալի մասն իր օրինական իրավունքները չի կարող պաշտպանել, չարած հանցանքի համար կարող է պատժվել, իսկ այն փոքր մասը, եթե անգամ բռնվում է հանցանքի վայրում, պատասխանատվություն չի կրում իր կատարածի համար։ Այսինքն, նախ մենք մեր պետության ներքին ուժեղացման, հզորացման խնդիր ունենք, որպեսզի կարողանանք հետամուտ լինել Հայ դատի արդար լուծմանը։ Մեր առաջնային խնդիրը համակենտրոնանալն է ներքին խնդիրների վրա` հիշելով Նժդեհին. «Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը»։ Իհարկե, կարելի է ասել, որ արցախյան պատերազմի ինչ-որ փուլում մենք կրկնակի ուժեղ էինք, քանի որ նաև արդար էինք, բայց այժմ մեր խնդիրը ներքին հզորացումն է, որը, ցավոք, արդեն 18 տարի իրականություն չի դառնում։ Սրա արդարացումը չպետք է լինի, որ մենք նորանկախ պետություն ենք։ Ի՞նչն ենք նորանկախ, արդեն 18 տարվա պետություն ենք։ Մենք պետք է Սասունցի Դավթի արագությամբ` ժամ առ ժամ հզորանանք։ Մի կարևոր նրբություն եմ ուզում հիշատակել. ինչու ենք միայն Ամերիկայի նախագահին պարտադրում, որ արտասանի «ցեղասպանություն» բառը, իսկ Ռուսաստանի, Չինաստանի նախագահներից դա չենք պահանջում։ Համապատասխան երկրների խորհրդարանների միայն խորհրդանշական որոշումներն են իբրև թե մեզ թևավորում։ Բայց այդ պետությունների ընթացիկ քաղաքականություն վարողներից ու գործադիր իշխանություններից, միջազգային դատական կառույցներից այդ բանը չենք պահանջում։ Արժևորում եմ, իհարկե, ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը, բայց դա մեր թիվ մեկ խնդիրը չէ, այլ մեր ներքին հզորացումն է, նժդեհարժան պետության կերտումը։
ԹՂԹ. -Հաճախ է շեշտվում, որ մենք «մատաղացու գառան» հոգեբանություն ենք ունեցել, գառան հեզությամբ էլ մորթվել ենք։ Զգացմունքայնությունը մի կողմ թողնելով` անդրադարձեք, խնդրում եմ, այս հարցին, պարոնայք։
Գ. ՅԱԶԸՃՅԱՆ
-Իհարկե, ազգը հավաքականություն է, մարդկանց ամբողջականություն, ու նրա խնդիրները հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա փոքրիկ բջիջը` մարդուն։ Այս ամենը մի պահ վերացարկենք մեզ վրա։ Եթե իմ դիմադրողականությունն ուժեղ է, ապա բազմաթիվ բացիլներ, բակտերիաներ ինձ վրա չեն կարող ազդել։ Բայց երբ այդ դիմադրողականությունը թույլ է, մեկ բացիլն անգամ տանում է մահվան։ Մեր պատմագիտությունն այսօր չունի երկու կարևոր գործոններ` փիլիսոփայական և հոգեբանական արժևորումը։ Մենք ընդամենը 25 տարվա ընթացքում ունեցել ենք չորս շատ ուժեղ, համազգային ցնցում` երեքը Թուրքիայում (համիդյան, Կիլիկիայի ջարդեր և ցեղասպանություն), չորրորդը` Կարսի անկումը։ Այս բոլորի մեջ տեսնում եմ մի ընդհանրական գիծ. թուրքերը կատարել են իրենց գործը` թուրքն անում է իր թրքությունը, վրացին` վրացիությունը, ադրբեջանցին` ադրբեջանցիությունը։ Բայց երբ մեր դիմադրողականությունը թուլացնում ենք, թուրքը կարողանում է հաղթել նույնիսկ չնչին թվաքանակի դեպքում։ Երբ ես դիտում եմ Հայոց ցեղասպանության արխիվային տեսագրությունները, որոնցում հինգ հազար հայի տառացիորեն մորթում է ընդամենը քսան ժանդարմ, ամոթից գետինն եմ մտնում։ Նույնիսկ, եթե մահացողները երեխաներ են ու կանայք, կարելի էր, չէ՞, հարձակվել նրանց վրա, թեկուզ 300 զոհ տալ, բայց փրկվել։ ՈՒրեմն, այստեղ սկսվում է հոգեբանական անպաշտպանվածությունը։ Ասում են` զենք չունեին, բայց զենքը ոգի ունեցողի ձեռքին է դառնում զենք։ Այսինքն, զենքը որոշիչ չէ, անհրաժեշտ պայման է, բայց ո՛չ որոշիչ։ Էականը ոգի ունենալն է։ Ես իրատես եմ և այսօր աղետ եմ կանխատեսում, քանի որ հոգեբանական մեր պաշտպանությունն անընդհատ թուլացնում են։ Այսօր մենք ունենք ինքնության խնդիր։ ՀՀ նախագահը նոր ազգաբանական տերմին է հորինում, ասելով, թե կրոնական, լեզվական տարբերությունները չէ, որ որոշում են ազգությունը։ Է՜, ի՞նչ մնաց։ Հիշենք Խաչատուր Աբովյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց խոսքերը լեզվի ու կրոնի մասին։ Մեր մտավորականությանը ես մեղադրում եմ պնակալեզության, դատարկախոսության ու անտարբերության համար։ Հայկական հարցի մեջ հայոց պատասխանատվությունը որքա՞ն է։ Ախր մենք ինչո՞ւ ենք թույլ տվել այդ ամենը, ինչո՞ւ մեր հոգեբանությունն այդքան թույլ է գտնվել։ Բայց ամենաողբերգականն այն է, որ ոչ միայն այն ժամանակ, այլև հիմա էլ խոցելի ենք։ Մենք ունենք երևութական մի պետություն, որտեղ մարդիկ իրենց հանգիստ, անվտանգ չեն զգում։ Քարոզչություն է տարվում, թե այսօրվա թուրքերը հայերի եղբայրները, այրունակիցներն են, ինչը բթացնում է մեզ։ 1909-ի կոտորածն անգամ մենք չենք վերլուծել։ Իսկ ընդամենը վեց տարի անց թուրքերն իրականացրին ցեղասպանությունը։
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ -Կարող է թվալ, թե խիստ է ասված, բայց փաստերն իրենք են, որքան էլ ցավոտ, սակայն ամենահամոզիչ փաստարկները` անվերջ դասեր քաղել ստիպող... ՈՒնենալ զորեղ պետականություն` երիցս ամրակայված ներքին միաբանությամբ, արդարությամբ և բարձրագույն գաղափարաարժեքային կողմնորոշումներով, վերջնամշակել և կիրառել Նժդեհի պատվիրանած ԱՐԻՆԵՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ` հիմոց հիմք ընդունելով նրա իսկ կարևորած «Ինքնապաշտպանությունը», որպես մատաղացուի բարդույթը մեկընդմիշտ բացառող` հիրավի կրավորամերժ «կրոն, որ թե՛ ժողովուրդների և թե՛ սրանց Աստվածների գոյությունն է ապահովում»։ Մանավանդ որ ունենք դրա թարմ ու փայլուն նախօրինակը` ի դեմս մեր նորագույն պատմության աստեղային ժամի` հաղթառատ 1993-ի, երբ մեր իրոք նորանկախ պետության նորաստեղծ բանակն ազատագրեց Հայոց Արևելից կողմանց միանգամից 6 շրջաններ (իսկ նույն տարում ընդունված` ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերն անգամ ի զորու չեղան կասեցնելու պատմական արդարության վերականգնման գործը, և ամենևին հոխորտանք չէր, այլ սեփական ուժածին իրավունքի և իրավածին ուժի գիտակցումից հրաբխող մշտարդիական կարգակոչ, հրապարակված ելույթը հաղթական ՊԲ-ի հրամանատար Սամվել Բաբայանի. «Թող մեզ չվախեցնեն ո՛չ Թուրքիայով, ո՛չ Ռուսաստանով, ո՛չ էլ Ամերիկայով»։
Այս իմաստով այսօր էլ ու հետայսու էլ առաջնայինը սեփական ուժերին ապավինելն է և այդ ուժերի հարաճուն բազմապատկումը, ինչն իր հերթին կարող է առավելագույնս արագացնել ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, ինչն էլ, բարոյաքաղաքական անխոցելի հենադաշտ դառնալով մեր համազգային Շարժման, միայն կզորակցի հայոց բաղձալի Հողահավաք-Ազգահավաքը, մի դիպուկ բառով` Հայրենատիրության տեսլականն օր առաջ իրականություն դարձնելու համար։ Ի դեպ, Արևմտյան Հայաստանի հիմնախնդրի հայաշահ լուծման լավագույն նախընթացն ու նախապայմանն էլ կլինի այժմ իսկ, հիշյալ ազատագրված հայրենատարածքների համակողմանի վերահայացումը, մի ասպարեզ, որտեղ դեռ աններելիորեն քիչ բան է արված, և չափազանց շատն ունենք անելու ազգովին` բազմարժեքորեն համադրական ուժերով մեր զուգապետության (ՀՀ+ԼՂՀ) և Սփյուռքի։
Պատրաստեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ